Հովհաննես Շիրազ

Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Մասիսն ի վեր

Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս,
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում։

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին։

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում։

Վերելք


Աչքերիս մեջ գարնան օրր,
Ճամփես` բախտիս սարերն ի վեր`
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր`
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:

Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատւմ քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:

Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ չգիտեմ` կա թե չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր:

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ,
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

ՀՐԱՇՔ


Երազիս մեջ դուռը զարկին
— Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»…

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք… մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա…»


Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
— Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես…»


Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին,
Որ տենչում է իր դարավոր
Ոխը նորից հորձանել,
Նորափետուր Երևանս
Նորից գաղտնի կործանել,
Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,
Աստված ինքն էս չգթա,
Յոթնահողով Հայաստանի
Տունդ կիսատ չի մնա…


Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատվի լուրն ինձ բերեք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մավշել 
Արարատիս կարոտից,
Որ չմեռնեմ խնդությունից
Լուրն ինձ բերեք շշուկով:

ՋՈՒՐ ԾԱԽՈՂԸ


Ձեռին բռնած կուժ մի պուճուր`
Ջուր կծախեր, միշտ սառը ջուր
Այն թուխ ու ժիր տղան պուճուր:

Եվ օրիբուն` մտած շուկա`
Նրա ձայնն էր միշտ ղողանջում,
Ծարավներին ջրի կանչում:

Ա~խ, այդ ջրի ձայնը վկա,
Ես էլ էի այդպես կանչում,
Բայց իմ ձայնը չէր կարկաչում:

Խմում էին ու … փող չկա…
Գդակս էին գլխիս քաշում,
Ծաղրի աչքով սիրտս մաշում:

Բայց … Արցունքիս կուժն` էլ չկա~,
Ու չի կանչում տղան պուճուր.
— Է~յ, հաց տվեք, ջու~ր տամ, պաղ ջուր…

ՇԻՐԱԶԻ ԵՐԳԸ

Գարուն ու թովք է,
Սիրո մեծ գովք է 
Շիրազի երգը:
Ցրտի մեջ հուր է,
Տապին աղբյուր է
Շիրազի երգը:
Հույսերի հունդ է,
Լույսի ծնունդ է
Շիրազի երգը:
Անտունին տուն է,
Հավատ ու սյուն է
Շիրազի երգը:
Պանդուխտի կուռքն է,
Կանչող կռունկ է
Շիրազի երգը:
Բարության գետ է,
Մեր բարձրակետն է
Շիրազի երգը:
Ոգին է հայոց,
Կերոն է ու բոց
Շիրազի երգը:
Ծովի պես խոր է,
Ու հավերժ նոր է
Շիրազի երգը:
Դարում փոթորկուն
Մասիս է կանգուն
Շիրազի երգը:

Մայրս հաճախ հոգուս մեջ,
Հոգով այցի է գալիս,
Եվ սաստում է ինձ անվերջ`
— Զուր ես մահս դեռ լալիս:

Տես` ոգիս հար կը հառնի,
Մահս մարմնիս մահն է զուտ,
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մեռցվի մայր լեզուդ:

Ես կը մեռնեմ, երբ հանկարծ
Մայր Արաքսը ցամաքի,
Երբ Մասիսն էլ քո պաշտած
Փոխվի ձոր ու խանդակի:

Ես կը մեռնեմ, երբ Վանա
Ծովից մնա մի կաթիլ,
Արարատից չմնա
Հող ու ձյունի մի կաթիլ:

Կերդվեմ վշտով Եղեռնի,
Անմեղ լեզվով Հայոց սուրբ`
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մոռացվի հայ լեզուդ…


Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, —
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում…

Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ,
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր,
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած:

Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի,
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի:

Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին,
Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին:

Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից,
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ…

ԳԱԶԵԼ ՇԱՄԻՐԱՄԻՆ

( Հեթանոսկան )

Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ,այս գիշեր,
Ախ, սիրել եմ ուզում մի կին,եկ, Շամիրամ,այս գիշեր, 

Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ,
Թե դեռ վարդ կա քո շրթերին, եկ, անթառամ, այս գիշեր,

Վախենում եմ կյանքս թռչի սիրո տենչ ու տանջանքով,
Ես կարոտ եմ քո գգվանքին, եկ՝ տարփանամ այս գիշեր:

Հոգնել եմ ես քրոջական համբույրներից խաբուսիկ,
Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ` խենթանամ այս գիշեր:

Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս,
Մի գառ դառնաս դու իմ գրկում, եկ` գայլանամ այս գիշեր:

Քո շուրթերից ծծեմ գինին ասորական դաշտերի,-
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին` եկ` մեղրանամ այս գիշեր:

Շամբշոտանալ կուզե հոգիս շամբշոտաշատ մի գրկում,
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ` ցոփանամ այս գիշեր:

Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,-
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին` եկ` վագրանամ այս գիշեր:

Սև աչերդ սիրո հուռութք` հյուսքերիդ սև պարանով
Օձապատույտ եկ իմ մեջքին, եկ` փաթութ գամ այս գիշեր:

Մռնչում է մարմնակարոտ մարմինս` ընդդեմ իմ ոգու,
Եկ ծծերիդ ծով ծփանքին ծիածան գամ այս գիշեր:

Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ,
Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ` հովանամ այս գիշեր:

Ես Արան եմ… Եկ Նվարդիս գեթ մի գիշեր ես դավեմ,-
Որ նեըմպեմ դարիս ոգին, եկ` շնանամ այս գիշեր:

Ավաղ, էլ ոչ սուրբ Նվարդ կա, ոչ սուրբ Արա Գեղեցիկ,
Շամիրամվեց Նվարդն անգին, եկ` շամբշանամ այս գիշեր:

Արև կրքով հասիր` ցրիր արցունքներս աստղացած,
Որ նման որբ այս լուսնյակին որբ չմնամ այս գիշեր:

Հոգնել եմ ես` երազածիս երազներով գրկելուց,-
Ես տենչում եմ արյուծ մի կին,եկ,գառնանամ այս գիշեր:

Շատ ազգեր են սրից կորել, սիրով արի, ոչ սրով,-
Ափսոս կորած քո էլ ազգին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:

Բեր Վանա ծովն աչքերովդ` ծով գիրկն ընկնեմ, հովանամ`
Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր:

Քրիստոնյա իմ մարմինն էլ` հեթանոսվի թող այնպես,
Որ գառնանաս իմ խոյանքին, եկ, արբենամ, այս գիշեր:

Բայց թե զորքով ինձ հայտնվես` ես քեզ պատանք կդառնամ,
Ու գերեզման քո բանակին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:

Սփյուռքի հայությանը

Ես, որպես ծաղիկն Արազի ափին,
Նայում ջրերին, կարոտում եմ դեռ,
Դուք, որ հեռացաք այն սև օրերին, —
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Նայում Սևանա երազ ծովակին,
Նայում կարոտով, կարոտում եմ դեռ,
Կարծես նայում եմ մորս աչքերին, —
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Նայում Մասիսին մեր նվիրական,
Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր,
Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան, —
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

ՈՒ երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց,
Թվում է, ձեզ հետ որբ եմ կարևեր,
Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկած՝
Չեք մեռնում վշտից, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Միակ ճամփան փրկության՝
Հայե’ր, դեպի Հայաստան…

Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,
Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար…

Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝
Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, —
Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ «ճոխ» կյանքից:

Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, —
Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ
Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
Բայց դառնանում է ծովակն հայրենի, —
Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,
Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:

Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, —
Դարձեք… Սևանը ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա անապատի պես:

Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ…

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:

ՀԱՅՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ 

Հովհաննես Շիրազ

Քո մայր՝ լեզվով խոսիր, պոետ, 
Որ հավերժվի ազգը քո հետ:


1

Անուն կա, որ վարդի բույր Է,
Կա, որ սարի պաղ աղբյուր Է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր Է,
Կա, որ անուշ մոր համբույր Է,
Կա, որ ձեռիդ եղբեր տուր Է,
Հայ անունը՝ պատիվը մեր՝ 
Միշտ լավ գործի ծնունդ անմեռ։



2


Անուն Էլ կա, որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ Է հին,
Որ կնքել Է ինչ-որ տերտեր,
Կամ թե՝ դժնի մի ճորտատեր.
Ու մենք հաճախ չենք ամաչում,
Հին անվամբ ենք իրար կանչում,
Թե՝ հե՜ի, ո՞ւր ես, բեդնի Խաչո,
Ի՞նչ բանի ես, Ղաչաղ Վաչո,
Տաշտաքերենց,
Կաշառկերենց,
Անուննե՞ր են, թե՞ հին վերքեր,
Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,
Թե ի՞նչ չլուտ, ի՞նչ Չպլաղենց,
Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց։



3


Անուն Էլ կա, որ լսելիս
Մարդ ակամա հարց Է տալիս,
Թե՝ ի՞նչ Կնյազ, ի՞նչ Իշխանիկ,
Ի՞նչ խան, ախպեր՝, կամ ի՞նչ Խանիկ,
Երբ ինքն ահա մի մարդ Է նոր,
Մի հին չոբան, չոբանի թոռ,
Առաջ քաշված,
Փառքով նշված,
Ինքն է թաղել իշխան ու խան,
Բայց գրվում Է դեռ Իշխանյան,
Աղախանով կամ Բախշիբեգ,
Ամիրխանով կամ Յախշիբեգ։ 
Այն Էլ յախշի, վա՛յ, անհոգի,
Կարծես, թե կար լավն Էլ բեգի.
Գայլը յախշի՞, տե՝ս դու հալա՝
Անունն անգամ խաթաբալա։
Անունն անգամ
Օձի նման
Փաթաթված վիզն Հայաստանի,
Այրող հուշն Է այն սուլթանի, 
Որ մեր լեզուն ու հողն անվերջ 
Ձուլել կուզեր իր ցեղի մեջ, 
Եվ կձուլեր (հայ կա դրսում, 
Որ հայերեն Էլ չի խոսում…), 
Մենք Էլ այժմ չէինք կարող 
Խոսել լեզվով մեր դայլայլող,
Հայոց լեզվով մեր ազգաթագ,
Թե մեզ չառներ գիր թևի տակ 
Խաղաղության՝ Մաշաոց հսկան,
Որ կանչում է, թե՝ ո՛վ տղաս,
Յոթ լեզու էլ թե իմանաս, 
Չմոռանաս քո մայր լեզուն. 
Մոռանալդ է ոսոխն ուզում…






Անուն էլ կա, բսյց ո՞րն ասես, 
Կատակով են դրել կարծես, 
Մեկը մեկից անտոհմ ու սին՝
Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին, 
Էլ Իլոնա, էլ Ալֆրեդ,
Էլ ժոռժետա, էլ Վան-Շիլբերտ,
Էլ Իվետա, էլ Անտեֆոն,
Էլ Ռիտա, էլ Պատեֆոն,
Էլ Կլարա, էլ Անելկա, 
Թե թարգմանես՝ ի՞՛նչ դուրս կգա,-
Ծաղր ու ծանակ մեր ուստրերին,
Եվ առավել մեր դուստրերին։
Բայց ծիծաղից վատթարը կա՝
Հանդիպում ես յոթն աղջկա՝ 
Յոթից մեկն է Վարդ կամ Նարգիզ, 
Մյուսները՝ Լուիզ, Լարիս,
Եվ դեռ՝ Էլլա կամ Նովելլա,
Մարդ չգիտի խնղդա՞, թե լա.
Մի՞թե չկար, որ չես դրել, 
Հայ մի անուն մարդավայել, 
Որ կնքել ես՝ Արգենտինա, 
Կարծես երկրի քարտեզ Էնա.
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել, 
Գիտե՞ք անունն ինչ է դրել 
Մեծ աղջկան՝ Գալանտերիա, 
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա:
Ծիծաղո՞ւմ ես, բայց սպասիր, 
Մարդ-ավտոյի մասին լսիր. 
Այն, որ ավտո շատ սիրելով 
Շևրոլետ էր դրել սիրով՝ 
Բայց Շևրոլետն օրորոցում 
Այս վշտից էր լալիս, կոծում։ 
Եվ ասում են, երբ մեծացավ, 
Անունն ինչ է՝ երբ հասկացավ, 
Հենց այս եղավ խոսքն առաջին,
Որ կայծակեց հոր ականջին. 
— Ի՛՛նչ Շևրոլետ, ավտո հո չե՞մ, 
Լա՞վ է, քեզ ել «Վիլիս» կանչեմ։-
Ծիծաղում ես, բայց ծիծաղն ի՞նչ, 
Ուր է հայոց անունը ջինջ, 
Հազարից մեկն հազիվ ունի 
Անուշ անունն իր հայրենի. 
Մի Հասմիկ է, հազար էլլա, 
Մի Անահիտ, այնքա՜ն Բելլա,
Մի Արտավազդ, այնքա՜ն Համլետ, 
Որ վիճում են մեր անվանց հետ, 
Թե՝ եթե բանն այսպես գնա, 
Էլ ձեր հայոցն ո՞ւր կմնա…
Այնինչ ամեն հայ դյուցազուն 
Փրկեց քո կյանքն ու հայ լեզուն, 
Անհայտ հեռվում 
Ընկավ կռվում, 
Որ դու հիշես, պահես, փրկես, 
Մոռացումից անունն իր վես, 
Վարդան պահես, պահես Հունան, 
Վահրամ պահես, որ իմանան, 
Թե ո՛ր երկրի ծաղիկն ես դու.
Տոհմանունն էլ հողն է մարդու։ 
Երբ հնչում է մի Սանասար՝ 
Կարծես Սասնա քո սարն հասար, 
Մի Այծեմնիկ անունն անգամ 
Մայր Անին է հերոսական. 
Մի անունն էլ հայ զորք է մի 
Մի զինվորն է, էլ ո՞ւր զոհվի։ 
Ա՛խ, հերիք չէ յաթաղանով 
Խաբված՝ գրվես Աղախանով, 
Ինչո՞ւ «փոքրիկ» մի յան ջնջես՝ 
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-
Գոռ անունն էլ մի բուռ ոսկի՝ 
Սուրբ մասունքն է մի սուրբ ազգի։ 
Հայ անունն եմ ես ձեզ ասում՝ 
Դուք հասկացեք հայոց լեզուն, 
Ու թող ծաղկի կյանք ու գինով՝ 
Ամեն մի ազգ՝ իր անունով։ 
Թող չխանդի Դեզդեմոնան, 
Երբ դուստրերս Նազիկ մնան, 
Ինքն էլ մնա 
Դեզդեմոնա,
Խաղաղ մնա, մնա մեզ քույր, 
Որ անվամբ էլ ծաղկենք մաքուր։ 
Մեր անունն էլ իր միտքն ունի.
Ի՞նչ պակաս է մի Աղավնի, 
Անունն ինքն էլ՝ աշխարհի մեջ 
Անուշ մի կանչ խաղաղատենչ, 
Ո՞վ Է բռնել մեր կոկորդից՝ 
Որ ձեռ քաշենք Հայկ ու Վարդից,
Հայկ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ամեն անուն մի բառ Է ճոխ՝ 
Ավանդավեպ՝ ազգդ պահող. 
Մի Վարդան Է երբ մեկն ասում՝ 
Ավարայրն Է հետդ խոսում, 
Բավ Է պոկես՝ ի սեր այլոց՝
Հայ կնիքից անունն հայոց։ 
Ա՛խ, ի՞նչ ասեմ ես այն հային, 
Որ սեր չունի Էլ ազգային, 
Որ մայր հողից չի ամաչում, 
Իր հայ որդուն Ջոն Է կանչում։ 
Ա՛յս Է ցավը, ով մտակույր, 
Պահիր անունդ հայրենաթուր, 
Պահիր ազգդ պատվո գահին՝ 
Անունով Էլ մեր ազգային։ 
Կամ երբ մի նոր մանչ ես ծնում, 
Անունն ինչո՞ւ Հայկ չես դնում, 
Անունն անգամ զրահ հագին, 
Կամ ի՞նչ վատ Է՝ մի Գարեգին, 
Կամ այս Շավարշն հայրենաշեն, 
Այս իմ Տիգրանն ու Եղիշեն, 
Այս իմ Արան գեղեցկաթով, 
Այս իմ Մհերն՝ իր քաջ Դավթով,
Այս իմ Աստղիկն ամենագեղ, 
Անունն ինքն Էլ հույսի կանթեղ, 
Այս իմ Վահրամ ու Վրթանես, 
Քո անուններն ինչո՞ւ վանես, 
Այս Սանասարն ու Սլկունին, 
Այս իմ Գևորգ Մարզպետունին, 
Հայ անունն Էլ կյանք Է հային՝ 
Հայոց լեզվով աստվածային։


5
Ես մեկն ասի, դուք հիշեցեք 
Մեր անուններն հազար ու մեկ, 
Հազար բարի գործից ծնված՝ 
Սերունդներով ոսկեջրված, 
Մեզ ավանդված, որ զրահենք, 
Մեր հայ ազգը հավերժ պահենք։ 
Մարդս զանգ Է, աշխարհն ականջ,
Լավ անունը զանգի ղողանջ, 
Բայց զանգն առանց զանգահարի, 
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոչ մի ղողանջ չի հանելու, 
Զանգահարը գործն Է մարդու, 
Գործ, որ թեկուզ ուժով բազկի, 
Հավերժ փրկե պատիվն ազգի։ 
Գործ, որ Հայկից մինչև Հունան՝ 
Տավիղն Է մեր խաղաղության։ 
Էլ ո՞ւր մեր լույս լեզուն մարել՝ 
Այս նոր վշտի դեմ խոնարհել. 
Ու թող այնտեղ Ջեմման՝ Ջեմմա, 
Աստղիկն այստեղ Աստղիկ մնա: 
Քանզի ամեն ազգի անուն 
Իր տարազն Է, իր մայր լեզուն, 
Իր սրբությունն հավերժական. 
Եվ օրենքն Է ոզջ մարդկության՝
Իր ազգինը ով չսիրի՝ 
Թշնամին Է ողջ ազգերի. 
Ինչո՞ւ հագնես ձևն ամենի, 
Երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի, 
Երբ իր գույնից, 
Իր անունից,
Իր մայր լեզվից ձեռ քաշողը՝ 
Վերջն Էլ կտա իր մայր հողը…

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ

-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
-Էն, որ ունի բարձր երկինք,
Էն, որ ունի կարմիր արեւ`
Յուր կապուտակ գլխի վերեւ.
Էն, որ ունի լեռն Ալագյազ` 
Հավքերն` աշուղ, ջրերը` սազ:
Էն, որ տեսքով իր Սեւանի`
Մազերն արձակ ու գեղանի`
Նստած հարսի կնմանի: 
Էն, որ ունի աշխարհի թագ`
Քանց թագավոր` Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս` սիրտը մրմուռ,
Գլուխը վեր` դրախտի դուռ:
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կ’աղոթեն երկինքն ի վեր:
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եւ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ…
Էն, որ Ղազբեկն ու Արագած`
Արտերու մեջ` ախպեր կանգնած`
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձայնեն մեր Մասիսին,
Թե` «Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ…»

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԵՃ 

Աստղերը մի օր յուսնյակին ասին. 
— Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին. 
Բանաստեղծները՛ լուսնոտի նման, 
Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման… 
Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ… 
Եվ լուսինն ասաց. 
-Մրջյունն էլ է շատ, 
Այնինչ առյուծը մի ձագ է ծնում, 
Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ, 
Աշխարհում լավը միշտ քիչ է լինում, 
Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար, 
Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։ 
Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից, 
Տեսեք՛ աղբյուրն էլ աղի ծովի հետ 
Ծնվում է մի մոր անմահ ակունքից, 
Բայց նա է ցրում ծարավներն հավետ, 
Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ, 
Բայց, նա է ցրում խավարն անընդհատ, 
Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝ 
Անթիվ աստղերդ, այն էլ դարերով… 
Ինչ որ մի հատիկ արևը կանի՝ 
Չեն կարող անել աստղերն անհունի։

ՀԻՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
Գնում էինք Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։
Աշխարհն, ասես, սարի հետեւ, վերջանում…
Իջնող արեւն իրեն հետ էր մեզ տանում…
Չգիտեինք՝ ո՞վ էր ժպտում, ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս…
Չգիտեինք, թե ո՞ւմ կուրծքն էր զարդարում
Ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում…
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր…
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր…

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը, 
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով, 
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը, 
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով: 
Կամ ծիածանվի քնարս անպես, 
Որ տակից անցնես ու առնաս տղա, 
Որ անհետ չքվի սերս աղեկեզ, 
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա…

ԱՐԾԻՎԸ 

Արծիվ լեռների, արծիվ սիգապանծ, 
Հասարակ մի հավ քեզնից վեր սուրաց… 
— Կյանք է, և ահա այդ էլ պատահեց,- 
Երգերիս արծիվն ինձ պաաասխանեց։ 
էլի վեր սուրաց. 
Ու էլի մնաց 
Արծիվ լեռների, արծիվ սիգապանծ

Ես կուզենայի, որ կյանքդ ջահել
Ծաղկի պես բացվեր իմ ծաղիկ գրկում,―
Ծաղկից էլ քնքուշ իմ սիրուն վայել՝
Կուզեի ծաղիկ մնաս ողջ կյանքում,
Ո՞ւմ են ծաղկունքը մի օր չար նայել,
Ժպտում են անգամ պոկողի ձեռքում․․․

***

― Այդ ի՞նչ ցող է ձեր աչքերին,―
Հարցրի դաշտի ծաղիկներին,
Ու ծաղիկներն հեկեկացին՝
― Քո սիրածն քեզ մոռացել,
Վշտից արցունքդ է քարացել,
Պոե՛տ, քո տեղ՝ մենք ենք լացել․․․

ՀՈՐՍ ԽՂՃԻ ՁԱՅՆԸ 

Ուրիշ հորից ծնվեի՝ 
Թէի ծնվի բանաստեղծ… 
…Չգիտեյի հորս բույրն համեմներից էր գալիս, 
Թե իրիկունն էր վերին դրախտներից վար բերում, 
Երբ արև էր հեռավոր Ղարսի վրա մարմրում՝ 
Հորս ոսկի հեքիաթն էր մերթ ծիծաղում,մերթ լալիս: 
Քնում էինք բոստանում, աստղերի բաց գրքի տակ, 
Յրորի տակ հովերի, բայց երբ քունս չեր տանում՝ 
Աստղերի մեջ իմ բախտի աստղիկն էի որոնում, 
Չգիտեի, որ հույսիս աստղը իմ հայրն էր միակ: 
Աստվածավախ հայրիկս աստվածավախ մորս հետ 
Լոկ եղնիկ է սերմանել սրտիս սրտում, ոչ թե գայլ, 
Մեր ոսոխի մոր մահն էլ չեմ խնկելու ես դարձյալ, 
Հորս ծածկող հողից էլ խիղճ է ծլում մարդավետ: 
ՈՒ երբ այժմ մեր գողտրիկ բոստանին եմ կարոտում, 
Իմ հուշերն եմ հոտոտում, որ հանդիպեմ հայրիկիս, 
Ու չեք զգում, որ ցավից հեկեկում է որբ հոգիս, 
Ես որբացած մի գառնուկ՝ կյանքի ձմռան արոտում: 
ԹԵ հրեշտակ էր մայրս, հայրս հող էր և աստված, 
Մանկուց մնաց անաստված ոտաբոբիկն իմ կյանքի, 
Հազար աստված մեռցվեց որբ օրերում իմ ազգի, 
Խիղճս էլ չանիծես՝ “Ազգե’ր, մնաք անաստված…”:

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ 
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 
Արև աչքերի լույսն է նա թափել՝ 
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին… 
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ 

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, 
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, 
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝ 
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։ 
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, 
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ, 
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, 
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։ 
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք, 
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա 
Քո փառքի համար թե մի օր վառվեմ, 
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։ 


Սիրո հիասթափություն 

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ, 
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ, 
Ու ես այն գինով հարբած խելահեղ 
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ: 
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ, 
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի, 
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ, 
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, — 
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր, 
Անցավ խելահեղ գինովությունս, 
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր, 
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս: 
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր, 
Սիրույս գինին էր աչքերս կապում, 
Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր, 
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում, 
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով, 
Որ լուսացել էր սիրույս արևով, 
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ, 
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում, 
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ, 
Խաբված աստծուն՝ սատանի առաջ… 
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝ 
Մեռած լուսնյակին իր լույսով չափում :

ԿՏԱԿ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար, 
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, —
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

Հայոց լեզուն

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչ՞ու եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:

Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝, Մասիսն հայոց:

Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չնես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դարնա գինի: 
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:

Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հաոյոց մահն է ուզում…
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:

Մայրս
Մեր հույսի դուրն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա’խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, —
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, —
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, —
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, —
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, —
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, —

Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` «Զոհ է սա»:

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս… հավիտյան:

 

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի)։

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ

Ստեղծագործություններ

Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

 

Թիֆլիսի տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

 

Ժառանգություն

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում։

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի՝[1]

Հայաստանում.
Հայաստանից դուրս.

Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում։[1] Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թ-ին։[11]

2011 թ-ի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի Գրողների Միությունում։ Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը։

5,000 Armenian dram - 1999 (obverse).png5,000 Armenian dram - 1999 (reverse).png

 

  • Սովետական նամականիշ, 1969

  • Թումանյանին նվիրված մետաղադրամ, 1994

  • Հայկական 5,000 դրամանոցի հակառակ երեսը, 1998

  • Ռուսական նամականիշ, 2011

  • Հայկական նամականիշ, 2011

 

 

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։[1]։

1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։[5] 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։

1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։[1]

1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Թումանյանը կնոջ հետ։

1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։[6]

Վահան Տերյան բանաստեղծություններ

Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին՝ թվում է դյութող…
Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում…

Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ…

Մենության խավար

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…
Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։
Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։
Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…

Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

ԻՄ ՑՆՈՐՔԻՆ

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում…

Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես,—
Պոետը քեզ է երազում անքուն
Ու պաշտում է քեզ։

Գեղեցկությունըդ վառված է բոցե
Դաշույնի նըման սև կյանքի վրա. —
Թող կարոտ սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա…

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ։

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
— Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել
Այս աղջամուղջում…

Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…